Եկեք խոստովանենք, որ բոլորս էլ թեկուզ և քաջ գիտակցում ենք, որ իդեալական մարդիկ չկան, բայց շարունակում ենք մեզ համար իդեալներ կերտել և փնտրել նրանց: Եվ առաջին իսկ անհաջողությանը հանդիպելիս անմիջապես մտաբերում ենք մեր սիրելի արտահայտությունը` ԻԴԵԱԼԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ ՉԿԱՆ, որով գուցե և փորձում ենք նախևառաջ ինքներս մեզ արդարացնել: Իհարկե, իդեալական մարդիկ չկան և չեն էլ եղել, մենք ինքներս էլ իդեալական չենք: Բայց այն հանգամանքը, որ մենք չենք ընդունում մեր իդելական չլինելու փաստը, և միայն խոսում ենք դիմացինի`իդեալականից հեռու լինելու մասին, ամենևին էլ նորություն չէ: Ինչպես ժողովուրդն է սիրում ասել`«սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում»: Իրավիճակը էլ ավելի հետաքրքիր է, երբ հակառակ սեռի ներկայացուցիչներ են սկսում խոշորացույցի տակ դնել միմյանց թերությունները: Եվ այսպես, սկզբում ներկայացնոմ աղջիկների և կանանց կարծիքը տղամարդկանց թերություններիվերաբերյալ`
- Խանդ – ինչքան էլ, որ աղջիկը սիրի տղային, միևնույն է նրան ամենևին էլ չի գրավում ապագայում Օթելլոյի կողմից խեղդվելու հեռանկարը:Խոսքը չի վերաբերվում միայն ֆիզիկականին, այլ նաև հոգևոր առումով:
- Անտարբերություն – խանդի հակառակ բևեռում գտնվող մյուս ծայրահեղությունը անտարբերությունն է: Իհարկե չի կարելի միանշանակ ասել, որ տղամարդիկ անտարբեր են իրենց շրջապատում ամեն ինչի նկատմամբ: Նրանք շատ ուշադիր են մեքենաների, իրենց սիրելի սպորտաձևերի, քաղաքականության հանդեպ…բայց այ թե քանի ժամ է իրենց սիրելի աղջիկը ծախսել, որպեսզի գեղեցիկ երևա, նրանց ընդհանրապես չի հետաքրքրում: Նրանք կարող են չնկատել իրենց սիրելիի նոր սանրվածքը, նոր հագուստը, էլ չեմ խոսում ավելի փոքր նրբությունների մասին, որոնց վրա մենք իհարկե ժամեր ենք ծախսում:
- Դավաճանություն – երկու սեռերի ներկայացուցիչներից և ոչ մեկի համար արդարացում չունի այս արարքը: Բայց չգիտես ինչու հասարակության մեջ տղամարդկանց կողմից դավաճանությանը ավելի «թեթև» են նայում: Դա է վկայում վիճակագրությունը` տղամարդկանց 74%-ն է դավաճանում իրենց կանանց, իսկ կանանց` 46%-ն է դավաճանում իրենց ամուսիններին:
- Դաժանություն ու կոպտություն – այս հատկանիշները անհասկանալի պատճառներով համարվում են իսկական տղամարդու հատկանիշներ, բայց իրականում դրանք շատ լուրջ թերություններ են:
- Թափթփվածություն և անկազմակերպվածություն – սա վերաբերվում է և արտաքին տեսքին և մնացած ամեն ինչին: Շատ վատ է, երբ տղան չի հետևում իր արտաքին տեսքին, փողոց է դուրս գալիս անխնամ ու անփույթ, բայց և շատ վատ է նաև մյուս ծայրահեղությունը, երբ տղաները աղջիկներից շատ են իրենց արտաքին տեսքին հետևում…
- Աղջիկների և կանանց հանդեպ անհարգալից վերաբերմունք – այս ամենը բխում է հասարակությունների մեջ ընդունված գենդերային խտրականությունից, որ կինը տղամարդուց ցածր է, նա միշտ պետք է նրան ենթարկվի և այլն: Իսկ տղամարդիկ շատ լուրջ վերաբերվելով իրենց այդ ԲԱՐՁՐ դերին, սկսում են անհարգալից լինել կնոջ հանդեպ, նրան իրենցից պակաս խելացի համարել և շատ դեպքերում նույնիսկ նվաստացնել: Ինչը կարծում եմ չունի արդարացում….
Իսկ հիմա անդրադառնանք աղջիկների և կանանց թերություններին, որոնց մասին անդադար սիրում են խոսել մեր տղամարդիկ: Իսկ թերությունների հիթ-շքերթում առաջին հորիզոնականում են գտնվում բնականաբար շոպինգը, առանց լուրջ պատճառի լաց լինելը, սերիալամոլությունը, ՀԵՏԱՔՐՔԻՐ տրամաբանությունը, երբեք չիմանալը թե ինչ է ուզում, որոնց կարելի է և մանրամասն չանդրադառնալ: Որպես թերություն կարելի է նաև առանձնացնել.
- Դիետաներ – գիտնականները պարզել են, որ կանայք իրենց հայելու մեջ միշտ ավելի գեր են տեսնում, քան իրականում են: Գուցե և այս տարօրինակ հայտնագործությամբ է բացատրվում խեղճ աղջիկների իրենց սովամահության ենթարկելը և ամեն տեսակի անիմաստ դիետաների հետևելը:
- Հորոսկոպներ և գուշակություններ – կարծում եմ այս դեպքում ոչ մի գիտական հետազոտություն պետք չէ անցկացնել` պարզելու համար, որ միայն աղջիկներն են հավատում այս ամենին:
- Ընկերուհիներ և երկար հեռախոսային խոսակցություններ – միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են անվերջ բողոքել ժամանակի սղությունից և դրա հետ մեկտեղ ժամերով խոսել հեռախոսով:
- Վախեր – ես ինքս էլ լինելով ԲԱԶՄԱվախ, առանց մեկնաբանության եմ թողնում այս կետը:
- Նեղացկոտությունը – չափազանց զգացմունքային լինելը աղջիկներին շատ նեղացկոտ է դարձնում, երբեմն նույնիսկ լուրջ պատճառներ հարկավոր չեն նեղանալու համար:
Սակայն միանշանակ չի կարելի ասել, որ բոլոր նշված թերությունները առկա են կանանց և տղամարդկանց մոտ, մեկի մոտ առկա է մյուսը և բացակայում է մյուսը, մեկի մոտ առկա են լրիվ այլ թերություններ: Պետք չէ մոռանալ, որ ԱՆԹԵՐԻ ՄԱՐԴԻԿ ՉԿԱՆ, ՍԱԿԱՅՆ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՈՒՆԱԿ ԵՆ ՍԻՐԵԼ ՆԱԵՎ ՁԵՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ :
0 comments:
Post a Comment